Մեքենայացված եղանակով բանջարեղենի մշակում
Հանրապետությունում առաջին անգամ բանջարեղենի մշակություն է իրականացվում մեքենայացված եղանակով
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Բագարան համայնք, որտեղ նորագույն մեքենայացված տեխնոլոգիաներով բանջարեղենի մշակության ծրագիր է իրականացվում «Եվրոթերմ» ընկերության կողմից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ընկերությունը 2014 թվականին Բագարանի սահմանային գոտում ձեռք է բերել շուրջ 900 հա տարածք և առաջին փուլում արդեն իսկ 250 հա տարածքի վրա սկսել է լոլիկի մշակություն իրականացնել:
«Սրանք նոր տեխնոլոգիաներ են մեր հանրապետությունում և կարելի է նույնիսկ ասել, որ բուսաբուծության ոլորտում հեղափոխություն է կատարվում, քանի որ ամբողջ գործընթացը` ներառյալ հողի մշակումը, սածիլումն ու բերքահավաքն առաջին անգամ իրականացվում է բացառապես մեքենայացված եղանակով` ապահովելով բարձր երաշխավորված բերք», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ողջունելով ընկերության նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ հետագա փուլերով ծրագիրն էլ ավելի կընդլայնվի` ընդգրկելով առավել մեծ տարածքներ և ապահովելով ավելի մեծաքանակ բերք` միևնույն ժամանակ շեշտելով մեքենայացված արտադրության այս եղանակը հանրապետության մյուս հողօգտագործողների մոտ տարածելու անհրաժեշտությունը:
Նախարարը հայտնել է, որ այս տարի լոլիկի ցանքատարածությունները հանրապետությունում նախատեսվում է ավելացնել 950-1000 հեկտարով, այդ թվում` 750-800 հեկտարն Արմավիրի մարզում: Նշենք, որ 2014 թվականին հանրապետությունում ընդհանուր առմամբ լոլիկի ցանքատարածությունները կազմել են 6515 հեկտար, որից 2250 հեկտարը` Արմավիրի մարզում:
«Եվրոթերմ» ընկերության նախագահ Էդուարդ Ղազարյանի խոսքով` ընկերության նոր գործարանի կառուցումից հետո 2014 թվականին լոլիկի պահանջարկը աճել է ընդհուպ մինչև 20 հազար տոննա, սակայն լոլիկի սակավության պատճառով մթերվել է ընդամենը 800-1000 տոննա բերք: Ուստի ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է լոլիկի մեքենայացված արտադրության այս ծրագիր, որի արդյունքում արդեն ակնկալվում է ապահովել հեկտարից մոտ 90-100 տոննա բերք: